Արգենտինական «Ռոսարիո Սենտրալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան համեմատել է ժամանակակից ֆուտբոլի երկու գլխավոր գերաստղերին՝ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Ինտեր Մայամիի» առաջատար Լիոնել Մեսսիին։
Դի Մարիան այն բացառիկ ֆուտբոլիստներից է, որը կարիերայի ընթացքում հասցրել է լինել երկու լեգենդների թիմակիցը․ Մադրիդի «Ռեալում» նա հանդես է եկել Ռոնալդուի հետ, իսկ Արգենտինայի ազգային հավաքականում՝ Մեսսիի։
«Կրիշտիանուն քրտնաջան աշխատել է և մշտապես ձգտել դառնալ համար մեկը, սակայն Մեսսին, նույնիսկ հանդերձարանում հանգիստ մատե ըմպելով, ցույց է տվել, որ ունի լավագույնը լինելու աստվածատուր շնորհ»,– Դի Մարիայի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Ռոնալդուն այս մրցաշրջանում «Ալ-Նասրիի» կազմում անցկացրած 21 խաղում խփել է 17 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Մեսսին MLS-ում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 35 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
























































