«Լեսթեր Սիթիի» կանանց թիմը պաշտոնապես հայտարարել է շվեյցարացի հարձակվող Ալիշա Լեմանի տեղափոխության մասին։ 27-ամյա ֆուտբոլիստուհին տեղափոխվել է իտալական «Կոմոյից» և անգլիական ակումբի հետ պայմանագիր կնքել մինչև 2028 թվականը։
Լեմանը, ով Շվեյցարիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրո-2025-ին (ընդհանուր՝ 64 խաղ ազգային թիմում), լավ ծանոթ է Անգլիայի Կանանց Սուպերլիգային։ Նախկինում նա հանդես է եկել «Վեսթ Հեմում», «Էվերթոնում» և «Ասթոն Վիլայում»։
«Սա կարծես տունդարձ լինի՝ վերադարձ Անգլիա, և ես իսկապես երջանիկ եմ»,- նշել է Լեմանը։
Ֆուտբոլիստուհին Իտալիա էր տեղափոխվել «Յուվենտուսից» օգոստոսին, սակայն «Կոմոյի» կազմում հիմնական խաղացող չդարձավ։ Նա «Լեսթերի» հինգերորդ ձմեռային նորեկն է։ Ակումբը, որն այս մրցաշրջանում աչքի էր ընկնում առաջնության ամենաերիտասարդ կազմով, հունվարին շեշտը դրել է փորձառու խաղացողների վրա՝ թիմ հրավիրելով նաև Ռեյչել Ուիլյամսին, Էշլի Նևիլին, Սառա Մեյլինգին և Էմմա Յանսոնին։
Հարկ է նշել, որ Լեմանը կանանց ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից է մեդիա դաշտում՝ ունենալով 15.9 միլիոն հետևորդ Instagram-ում և 11.8 միլիոն՝ TikTok-ում։





























































