Մադրիդի «Ռեալի» և Մարոկկոյի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասը խորը հոգեբանական ճգնաժամ է ապրում Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո։
Ֆուտբոլիստը կարող էր պատմական հաղթանակ պարգևել իր ազգային ընտրանուն, սակայն հանդիպման երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 0-0 հաշվի ժամանակ, չի կարողացել հստակ իրացնել 11-մետրանոց հարվածը։ Դիասը որոշել է իրացնել հարվածը ռիսկային «պանենկա» ոճով, սակայն վրիպել է։ Խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ Սենեգալի հավաքականը խփել է միակ և հաղթական գոլը՝ նվաճելով գավաթը։
Indykaila News-ի փոխանցմամբ՝ Դիասն այժմ խզել է կապը արտաքին աշխարհի հետ, չի պատասխանում հեռախոսազանգերին և ցանկանում է որոշ ժամանակ միայնակ անցկացնել։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս նա կվերադառնա «Ռեալի» տրամադրության տակ, սակայն մինչ այդ ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հանդես է եկել հուզիչ հայտարարությամբ.
«Հոգիս ցավում է։ Ես երազում էի այս տիտղոսի մասին՝ զգալով ձեր սերն ու աջակցությունը։ Յուրաքանչյուր հաղորդագրություն և քաջալերանքի խոսք ինձ ուժ էր տալիս՝ զգալու, որ մենակ չեմ։ Ես պայքարում էի ողջ էությամբ, բայց առաջին հերթին՝ սրտով։
Եզրափակիչում ես սխալվեցի, ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունն ու ի սրտե ներողություն խնդրում։ Ինձ համար դժվար է լինելու վերականգնվել, քանի որ այս վերքը հեշտ չի սպիանա, բայց ես կփորձեմ։ Ոչ թե հանուն ինձ, այլ բոլոր նրանց համար, ովքեր հավատում էին և անհանգստանում ինձ հետ միասին», — գրել է Դիասը։
Հիշեցնենք, որ 26-ամյա խաղացողը 5 գոլով դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու։

























































