Այսօր՝ հունվարի 18-ին, լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 34-ամյակը։ 1992 թվականի հենց այս օրը դրվեց հայկական ֆուտբոլի անկախ ճանապարհի սկիզբը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորական ուղերձ է հղել հոբելյանի առթիվ՝ ընդգծելով կառույցի անցած ուղին, ընթացիկ ձեռքբերումներն ու ապագայի ծրագրերը։
«Այս տարիներին հայկական ֆուտբոլն անցել է զարգացման բարդ ուղի։ Այսօր մենք գտնվում ենք կարևոր շրջափուլում, երբ ձևավորվում են ոչ միայն ներկայի, այլև ապագա հաջողությունների հիմքերը։ Զարգացման նոր ծրագրերը, կառուցվածքային փոփոխությունները և միջազգային համագործակցություններն ուղղված են մեկ նպատակին՝ հայկական ֆուտբոլի կայուն առաջընթացին»,- ասված է ուղերձում։
ՀՖՖ նախագահը հատուկ անդրադարձ է կատարել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի պատմական հաջողությանը՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուն, որը մեծ հպարտության և հավատի աղբյուր է դարձել ֆուտբոլային հանրության համար։
Մելիքբեկյանը նաև խոսել է խոշոր միջազգային մրցաշարեր հյուրընկալելու հավակնոտ ծրագրերի մասին.
«Հայաստանը և Վրաստանը համատեղ պայքարում են մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը մեր երկրներում անցկացնելու համար, ինչը նոր հնարավորություն է մեր երիտասարդների, ենթակառուցվածքների և ամբողջ ֆուտբոլային համակարգի զարգացման համար»։
Ամփոփելով խոսքը՝ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է ֆուտբոլային աշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ երկրպագուներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին և գործընկերներին՝ վստահեցնելով, որ միասնական ուժերով շարունակելու են կառուցել հայկական ֆուտբոլի մրցունակ ապագան։




























































