Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան, ում նորամուտը «Արքայական ակումբի» ղեկին ավարտվեց Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ալբասետեից» կրած սենսացիոն պարտությամբ (2:3), պատասխանել է այն հարցին, թե ինչպես է բացատրելու այդ ձախողումը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։
Արբելոան նշել է, որ «Ռեալի» ղեկավարը լրացուցիչ բացատրությունների կարիք չունի, քանի որ քաջատեղյակ է ֆուտբոլային աշխարհի օրինաչափություններին։
«Ես ակումբի նախագահին բացատրելու ոչինչ չունեմ, քանի որ նա, իր ունեցած փորձառությամբ, այս ամենի մասին ինձնից շատ ավելին գիտի։ Նա 25 տարի է՝ նախագահ է, և դրանից էլ շատ ավելի երկար տարիներ եղել է մադրիդիստ։ Նա գիտի այս ակումբի պատմությունը։
Մենք հաղթող ակումբ ենք և նայում ենք միայն առաջ։ Մենք արդեն մտածում ենք Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի մասին, որոնք մեր գլխավոր նպատակներն են։ Պետք է այս պարտությունը թողնենք անցյալում», — Արբելոայի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» դուրս մնաց Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչից՝ զիջելով Սեգունդան ներկայացնող թիմին, ինչը իսպանական մամուլում արդեն որակել են որպես «պատմական ձախողում»։



























































