«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կիսվել է տպավորություններով Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3-2)։
Հանդիպման գլխավոր հերոս դարձավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան որը իր հաշվին դուբլ գրանցեց։ Ինքը՝ Պեդրին, նույնպես անմասն չմնաց արդյունավետ գործողություններից՝ առաջին խաղակեսի վերջնամասում գոլային փոխանցում կատարելով Ռոբերտ Լևանդովսկուն։
Երիտասարդ կիսապաշտպանը խոստովանել է, որ մրցակցի ընտրած մարտավարությունն իրենց համար անակնկալ էր․
««Ռեալն» իրեն հարմարավետ է զգում, երբ նահանջում է և գործում հակագրոհների մարտավարությամբ։ Սակայն մենք չէինք սպասում, որ նրանք կխաղան այսչափ պաշտպանողական ոճով և նման «ցածր բլոկով»։ Երկրորդ խաղակեսում մենք վերահսկում էինք իրավիճակը և հասանք ցանկալի արդյունքի Ռաֆինյայի գոլի շնորհիվ», — խաղից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Պեդրին։
Նշենք, որ կատալոնական ակումբը նախորդ մրցաշրջանի մեկնարկից ի վեր նվաճել է Իսպանիայի բոլոր չորս հնարավոր տիտղոսները։


























































