Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նվազագույն հաշվով զիջեց Հունգարիայի ընտրանուն։
Մեր ընտրանու վինգեր Արթուր Սերոբյանը հետխաղային մեկնաբանություն է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը։
«Շատ լավ հանդիպում անցկացրեցինք, երկրորդ խաղակեսում տիրում էինք խաղին, ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք, բայց սա ֆուտբոլ է, կարծում եմ՝ արժանի չէինք պարտության, բայց չկարողացանք գոլ խփել։ Շարժվում ենք առաջ, պատրաստվում ենք մյուս հանդիպմանը։
Բոլորը տեսնում են խաղադաշտում, թե ինչ է փոխել Եղիշե Մելիքյանը, կարծում եմ՝ հիմա լրիվ ուրիշ ֆուտբոլ ենք խաղում։ Այսօր ինքներդ տեսաք, որ երկրորդ խաղակեսում լրիվ տիրում էինք գնդակին Հունգարիայի նման հավաքականի հետ խաղում։ Ամեն ինչ դեռ առջևում է, ավելի ենք բարելավելու մեր խաղը»,- նշել է Սերոբյանը ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը տված հետխաղային մեկնաբանության ժամանակ։
























































