Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հունգարիայի ընտրանին նվազագույն հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին։
Խաղից հետո մրցակցի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին իր գնահատականն է տվել M4 Sport-ի եթերում։
«Եթե կարողանայինք պահպանել այն նույն ինտենսիվությունը և արագությունը, ինչ ունեինք առաջին խաղակեսում, հաղթանակը շատ ավելի հեշտ կլիներ։
Շատ դեպքերում մենք բավականաչափ կոմպակտ չէինք, մեծ տարածքներ էինք թողնում, և մրցակիցը կարողանում էր մեր թիկունք անցնել․ պարտադիր է, որ այս ուղղությամբ աշխատենք։ Խաղը տևում է 90 րոպե, և երկու խաղակեսում էլ պետք է լավ հանդես գալ։
Երկրորդ խաղակեսում թիմի արձագանքը ճիշտ չէր կոնկրետ իրավիճակներին, կվերլուծենք մանրամասները և կգտնենք լուծումը։
Այս պահին մի բան հստակ է․ Պորտուգալիան խմբի առաջատարն է, իսկ մենք պարտադիր պետք է հաղթենք Իռլանդիային։ Բայց եթե խաղանք այնպես, ինչպես երկրորդ խաղակեսում, ապա նույնիսկ միավոր վերցնելը դժվար կլինի»,- նշել է Ռոսին։
























































