Մինչ եվրոպական ակումբները սահմանափակում են իսրայելցի երկրպագուների մուտքը ստադիոններ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ՈւԵՖԱ-ն ռիսկային որոշում է կայացրել Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղի վերաբերյալ։ Այսպիսի նախաբանով հոդված է հրապարակել ռումինական Sport.ro կայքը։
«Ունիվերսիտատյա Կրայովա» — «Նոա» հանդիպումը (որը կկայանա հինգշաբթի, ժամը 23:00-ին) ՈւԵՖԱ-ն վստահել է ամբողջությամբ իսրայելական մրցավարական բրիգադին։ Խաղի գլխավոր մրցավարը կլինի Գալ Լեյբովիցը։
«Այս որոշումը անհանգստություն է առաջացրել Կրայովայում, քանի որ մարզական մամուլը խաղը դասակարգել է որպես «առավելագույն ռիսկի» հանդիպում՝ հաշվի առնելով ներկայիս գլոբալ հակաիսրայելական տրամադրությունները։
Եվրոպայում իսրայելցիների նկատմամբ սահմանափակումները պայմանավորված են անվտանգության նկատառումներով։ Դրա վառ օրինակն է «Ասթոն Վիլա» ակումբի վերջին որոշումը, որը հրաժարվել է ընդունել «Մաքաբի Թել Ավիվի» երկրպագուներին Եվրոպա լիգայի՝ Բիրմինգհեմում կայանալիք խաղին։
«Ասթոն Վիլան» հայտարարել է, որ գործում է ոստիկանության առաջարկով, քանի որ նախկինում իսրայելական թիմերի երկրպագուների մասնակցությամբ խաղերում, օրինակ՝ «Այաքս»-«Մաքաբի» հանդիպման ժամանակ, տեղի են ունեցել բռնի բախումներ, հակաարաբական վանկարկումներ և ատելության հողի վրա կատարված հանցագործություններ։
Չնայած այս նախադեպերին և ռիսկերին՝ ՈւԵՖԱ-ն, այնուամենայնիվ, որոշել է ռումինական և հայկական թիմերի միջև հանդիպումը վստահել իսրայելական բրիգադին»,- գրված է հոդվածում։




























































