«Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինները» հետաքրքրված են Ֆերնանդեսի ձեռքբերմամբ, բայց ակումբը ստիպված կլինի մեծ գումար վճարել նրա հնարավոր տրանսֆերի համար։
Նշվում է, որ «Չելսին» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպանին, եթե ստանա մոտ 140 միլիոն եվրոյի առաջարկ։ Ըստ լուրերի՝ «ազնվականները» չեն ցանկանում իջեցնել գինը, քանի որ 2023 թվականին արդեն վճարել են 121 միլիոն եվրո Էնցոյի համար։
Հակառակ դեպքում՝ «Չելսին» կարող է ֆինանսական արդար խաղի հետ կապված խնդիրներ ունենալ։ Ֆերնանդեսը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 խաղ, խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
























































