«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը շնորհավորել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին՝ «Ոսկե գնդակը» նվաճելու առթիվ։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Փարիզում։
Արարողության ընթացքում Յամալը մոտեցել է Դեմբելեին, ձեռքսեղմումով շնորհավորել նրան և ընդգծել ֆրանսիացու պատմական նվաճումը։ Այս մրցանակը Դեմբելեի կարիերայում առաջինն է։
Ինքը՝ Յամալը, երկրորդ անգամ անընդմեջ արժանացել է Ռայմոն Կոպայի անվան մրցանակին, որը շնորհվում է մինչև 21 տարեկան աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Առաջին մրցանակը նա ստացել էր 2024 թվականին։
Քվեարկության արդյունքներով Յամալը «Ոսկե գնդակի» պայքարում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է Դեմբելեի ակումբակիցը՝ ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։
Անցած մրցաշրջանում Դեմբելեն օգնել է ՊՍԺ-ին նվաճել Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը, հաղթել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանել և հասնել Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։




























































