«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին քննադատել է մրցավարի նշանակած երկրորդ 11 մետրանոցի որոշումը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի խաղում (2:1)։
«Մենք կարող էինք հաղթել խաղը, եթե մի փոքր ավելին անեինք։ Մենք թիմ ենք, որտեղ շատ նոր խաղացողներ կան, և հեշտ չէ արագ զարգացնել փոխհամագործակցությունը, բայց կարծում եմ՝ կարող էինք ավելին անել։ Հաշվի առնելով մեր ունեցած որակը՝ կարծում եմ՝ մի փոքր վախեցած էինք։ Այն, ինչ զգում եմ, այն է, որ Կարվախալի հեռացումից հետո մենք չկարողացանք վերադառնալ ճիշտ ուղու վրա։
«Ռեալի» օգտին նշանակված երկրորդ 11 մետրանոցը պարզապես ամոթալի էր, և ես դա կասեի նույնիսկ եթե այն մեր օգտին լիներ։ Դա տասնմեկ մետրանոց չէր։ Բայց ես չեմ կարծում, որ դա արվել է կարմիր քարտը փոխհատուցելու նպատակով… Ոչ, իհարկե՝ ոչ»։
Այսպիսի խաղերը մեզ համար պետք է դառնան սովորական, քանի որ սա է այն, ինչ այս թիմին անհրաժեշտ է՝ մտածելակերպի և հավակնությունների առումով առաջ շարժվելու համար»,- դե Զերբիի խոսքերն է մեջբերում Marca-ն։


























































