Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց է «Բարսելոնան» պատրաստ բաժանվել թիմի իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը երկու պայմանով է պատրաստ բաժանվել 22-ամյա խաղացողից։ «Բարսելոնան» Լոպեսին կվաճառի, եթե ֆուտբոլիստն անձամբ ցանկանա հեռանալ ակումբից։ Բացի այդ, կատալոնացիները չեն դիտարկի 70 միլիոն եվրոյից պակաս առաջարկները։
Նշվում է, որ «Չելսին» լրջորեն հետաքրքրված է Ֆերմինի ծառայություններով։ Լոնդոնյան ակումբն արդեն կապ է հաստատել իսպանացու շրջապատի հետ և 48 ժամ ժամանակ է տվել որոշում կայացնելու համար։ Եթե կիսապաշտպանը համաձայնություն տա տրանսֆերի համար, «ազնվականները» վերջնական առաջարկ կանեն «Բարսելոնային»։

























































