«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որը մեկ օր առաջ ժամանակավորապես զրկվել էր թիմի ավագի թևկապից, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
«Վերջին ամիսները հատկապես դժվարին էին ինձ համար՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Ինչպես ցանկացած ֆուտբոլիստի դեպքում, վնասվածք ստանալուց հետո իմ միակ առաջնահերթությունն էր հնարավորինս շուտ վերադառնալ խաղադաշտ՝ մղված միայն թիմին օգնելու և այն անելու ցանկությամբ, ինչը ես ամենաշատն եմ սիրում՝ մրցել։
Վերջին շաբաթներին իմ մասին շատ բաներ են ասվել, որոնցից որոշները լիովին անհիմն են։ Հենց այդ պատճառով կարծում եմ, որ անհրաժեշտ է հարգալից, բայց հստակ կերպով ներկայացնել դեպքերի իմ տարբերակը։
Վիրահատության որոշումը կայացվել է բժշկական մասնագետների հետ խորհրդակցելուց հետո, ամբողջությամբ հաստատվել է ակումբի կողմից և արվել է՝ առողջությունս ու երկարաժամկետ կարիերաս առաջնահերթ համարելով։ Դա լիովին համահունչ է «Բարսելոնայի» նպատակներին՝ հնարավորինս շուտ վերադառնալ խաղադաշտ և շարունակել տիտղոսներ նվաճել։ Բացի այդ, ես հրապարակավ հայտնել եմ ապաքինման նվազագույն ժամկետը, որը ստացել էի հեղինակավոր մասնագետներից և համաձայնեցրել ակումբի հետ։
Ցանկանում եմ նաև պարզաբանել, ի պատասխան որոշ շահարկումների, որ ակումբի բոլոր պայմանագրային ստորագրումներն ու երկարաձգումները արվել են վիրահատությունիցս առաջ։ Հետևաբար, ոչ մի դեպքում հնարավոր չէ համարել, թե իմ այս ցավալի վիճակը կամ վիրահատությունը անհրաժեշտ էին մյուս խաղացողներին գրանցելու համար։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ խաղընկերներին և ուրախությամբ կշարունակեմ կիսել հանդերձարանը նրանց հետ տարիներ շարունակ։ Ցանկացած այլ մեկնաբանություն համարում եմ անարդար և անհիմն։
Իմ ողջ կարիերայի ընթացքում ես միշտ փորձել եմ գործիս մոտենալ պրոֆեսիոնալիզմով, հարգանքով և հավատարմությամբ՝ այն ակումբներին, որոնցում հանդես եմ եկել։ Ես մեծ սեր և կապվածություն ունեմ «Բարսելոնայի», այս քաղաքի և երկրպագուների հանդեպ, որոնք այսքան տարիներ կողքիս են եղել։ Իմ նվիրվածությունն այս գույներին մնում է բացարձակ։
Ես հասկանում եմ, որ դժվար պահերը կարող են լարվածություն առաջացնել, բայց հավատում եմ, որ երկխոսության և պատասխանատվության միջոցով կարող ենք կառուցողական լուծում գտնել։ Լիովին պատրաստ եմ համագործակցել ակումբի ղեկավարության հետ՝ այս հարցը լուծելու և անհրաժեշտ թույլտվությունն ստանալու համար։
Շատ բան կարող է փոխվել, բայց մի բան երբեք չի փոխվի՝ սիրում եմ ձեզ, կուլեներ»,- գրել է տեր Շտեգենը սոցցանցի իր էջերում։
Հիշեցնենք, որ այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Շտեգենը հրաժարվեց ստորագրել ակումբի համար իր վնասվածքի վերաբերյալ բժշկական եզրակացությունը։ «Բարսելոնային» այն անհրաժեշտ է, որպեսզի դարպասապահի վնասվածքը ճանաչվի երկարատև և ակումբին հնարավորություն տա ավելի հեշտ գրանցել մեկ այլ խաղացողի։



























































