«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել զրկել թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին ավագի թևկապից։ Այս մասին հայտնում է TV3-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ստիպված կլինի փոխել ավագին։ Այս որոշումը կապված է գերմանացու կողմից վնասվածքի վերաբերյալ եզրակացությունը ստորագրելուց հրաժարվելու հետ, որը անհրաժեշտ է Լա լիգայի բժշկական հանձնաժողովին տրամադրելու համար։ Կատալոնական ակումբը որոշել է կարգապահական գործ հարուցել դարպասապահի դեմ, և ղեկավարությունը կարծում է, որ ֆուտբոլիստը նման իրավիճակում չի կարող մնալ թիմի ավագը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» այլևս հույսը չի դնում Մարկ-Անդրե Տեր Շտեգենի վրա։ Կա հավանականություն, որ ձմռանը գերմանացին կտեղափոխվի այլ ակումբ՝ 2026 թվականի աշխարհի առաջնությունից առաջ կանոնավոր խաղային պրակտիկա ստանալու համար։


























































