«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որը վերջերս մեջքի վիրահատության էր ենթարկվել, հրաժարվում է ստորագրել Լա Լիգայի բժշկական հանձնաժողովին ուղղված իր վնասվածքի վերաբերյալ զեկույցը, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ գերմանացի դարպասապահը չի ցանկացել ստորագրել ակումբի զեկույցը բժշկական հանձնաժողովի համար, որը պետք է գնահատեր վնասվածքի ծանրությունը։ Եթե Տեր Շտեգենի վերականգնումը տևի 4 ամսից ավելի, ապա «Բարսելոնան» կկարողանա գրանցել թիմի նոր դարպասապահ Ժոան Գարսիային, որը ամռանը տեղափոխվել էր «Էսպանյոլից»։
Տեր Շտեգենի՝ ակումբին համաձայնություն տալու մերժումից հետո «Բարսելոնան» խնդրել է իր սեփական փաստաբաններին բացել ներքին կարգապահական գործ՝ 33-ամյա գերմանացու նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տեր Շտեգենը զայրացած է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի վրա, որն հստակորեն հայտարարել է, որ իրեն չի համարում կատալոնացիների առաջին դարպասապահը։



























































