Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն՝ նվաճելով երեք ոսկե մեդալ և սահմանելով մի քանի ռեկորդներ:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի առաջնությունում, 84 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը պոկում վարժությունում կատարեց երեք հաջող մոտեցում՝ 140 կգ, 145 կգ և 148 կգ: Վերջին արդյունքով նա սահմանեց պատանեկան Եվրոպայի նոր ռեկորդ և զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Հրում վարժությունում Ղազարյանը սկսեց 180 կգ արդյունքով՝ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ ինչպես հրում վարժությունում, այնպես էլ երկամարտում: Այնուհետև նա թարմացրեց սեփական ցուցանիշները՝ հերթականությամբ բարձրացնելով 185 կգ և 190 կգ ծանրություն: Այս վարժությունում ևս Ղազարյանը զբաղեցրեց առաջին տեղը:
Երկամարտի 338 կգ ընդհանուր արդյունքով Գրիգոր Ղազարյանը դարձավ 2025 թվականի պատանեկան Եվրոպայի չեմպիոն:




























































