«Բարսելոնայի» լեգենդար բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խորհուրդ է տվել «Բարսելոնայի» նոր 10 համար Լամին Յամալին։ Բրազիլացու խոսքով՝ Յամալը պետք է փորձի խուսափել սկանդալային պատմություններից։ Իսպանացին վերջերս քննադատության էր ենթարկվել իր չափահաս դառնալը նշելուց հետո։ Ոմանց դուր չէր եկել այն փաստը, որ ֆուտբոլիստը միջոցառմանը գաճաճ արտիստների էր հրավիրել։
«Լամինը առողջ մտքով տղա է։ Նա գրագետ է և հասկանում է այն ժամանակները, որոնցում ապրում է։ Երբ դու երիտասարդ ես և արդեն այդքան հայտնի, նման բաներ պատահում են։ Նրա վրա մեծ ճնշում կա ԶԼՄ-ների կողմից։ Մենք հույս ունենք, որ նա կմտածի այդ մասին և կխուսափի նման իրավիճակներից ապագայում։
Մենք ցանկանում ենք խոսել միայն այն մասին, թե ինչ է նա անում խաղադաշտում։ Հուսով եմ՝ այլևս նման պատմություններ չեն լինի, որովհետև դա տխրեցնում է ինձ։ Մենք ուզում ենք միայն տեսնել, թե ինչպես է նա փայլում գնդակը ոտքերի տակ։ Նա արժանի է, որ նրա մասին միայն դրական խոսեն՝ իր խաղացած ֆուտբոլի համար», – ասել է Ռիվալդոն Betfair-ին։
Հիշեցնենք, որ Յամալը վերջերս երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ մինչև 2031 թվականի կեսերը։



























































