«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, անդրադառնալով հարցին, թե արդյոք Մադրիդի «Ռեալը» ազդեցություն ունի Լա Լիգայի ղեկավարության վրա, ընդգծել է, որ «Բարսան» չի կիրառում իր ակումբային հեռուստաալիքը այնպես, ինչպես դա անում է «արքայական» ակումբը։
«Մենք միշտ զգոն ենք ցանկացած իրավիճակի նկատմամբ, ինչպես մնացած ակումբները։ Մի բան հստակ կարող եմ ասել՝ մենք չենք օգտագործում մեր մեդիա-հարթակը այնպիսի հաղորդագրություններ տարածելու համար, որոնք կարող են մարդկանց շփոթության մեջ գցել»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչից առաջ, «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը հրապարակել էր տեսանյութ՝ քննադատելով խաղի գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեային։ Տեսանյութում նշվում էր, որ այն խաղերում, որոնք նա է սպասարկել, «Բարսելոնան» առավել հաճախ է հաղթել, քան իր մրցակիցները։ Բացի այդ, Real Madrid TV-ն ներկայացրել էր նաև մի շարք ենթադրյալ մրցավարական սխալներ՝ կապված «սերուցքայինների» մասնակցությամբ խաղերի հետ։
























































