«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, հայտարարել է, որ իր որդու 18-ամյակին նվիրված երեկույթի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում։
«Մենք բոլորս պետք է հպարտանանք, իսկ նրանք, ովքեր չարախոսում են իմ որդու մասին, թող նախ իրենց նայեն։ Իմ որդին ոչ մի վատ բան չի արել։ Հակառակ դեպքում՝ որպես հայր, ես առաջինը կլինեի, ով կբռներ նրա ականջից և կասեր. «Լամին, դու չես կարող դա անել, որդի՛ս»։ Բայց նա ոչ մի վատ բան իրեն թույլ չի տվել։
Եթե նա որևէ սխալ բան է արել, գոյություն ունեն ոստիկանական բաժանմունքներ, ուր կարելի է գնալ և հաղորդում ներկայացնել դրա մասին։ Բայց քանի որ նա ոչինչ չի արել, ամեն ինչ լավ է։ Աստված օրհնի բոլորին, և եկեք անկեղծ լինենք միմյանց հետ։ Շնորհակալություն, պարոնայք»,- Europa Press-ին ասել է Նասրաուին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» աստղային հարձակվողը երեկույթ էր կազմակերպել իր 18-ամյակի առթիվ։ Տոնակատարությանը ներկա էին բազմաթիվ հայտնի հյուրեր՝ սթրիմերներ, ազդեցիկ անձինք, թիմակիցներ և երաժիշտներ։
Ավելի ուշ, ախոնդրոպլազիայով կամ այլ կմախքային խանգարումներով անձանց ասոցիացիան հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ միջոցառման ժամանակ զվարճանքի նպատակով վարձվել են թզուկություն ունեցող մարդիկ։ Իսպանիայի սոցիալական իրավունքների նախարարությունը պահանջել է սկսել հետաքննություն։




























































