Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հրապարակել է տեղեկություն կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի առողջական վիճակի մասին, ում ձախ ուսի վրա վիրահատություն է կատարվել։
«Մեր ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը հաջողությամբ վիրահատվել է ձախ ուսի պարբերաբար կրկնվող հոդախախտի պատճառով։ Վիրահատությունն իրականացրել են բժիշկներ Մանուել Լեյեսը և Էնդրյու Ուոլեսը՝ «Ռեալ Մադրիդ» ակումբի բժշկական ծառայության վերահսկողությամբ։ Ներկայում Բելինգհեմը գտնվում է վերականգնման փուլում՝ նախքան մարզումներին վերադառնալը», — նշված է «արքայական» ակումբի պաշտոնական կայքում։
«Ռեալի» կիսապաշտպանը ուսի վնասվածք էր ստացել 2023 թվականի նոյեմբերին՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղի ժամանակ։ Դրանից հետո Բելինգհեմն ընտրել էր վերականգնման ծրագիր, որը թույլ էր տվել առանց վիրահատության շարունակել հանդես գալ «Ռեալի» կազմում։

























































