«Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալի 18-ամյակի միջոցառմանը մասնակցած թզուկ արտիստը անարդար է համարում ֆուտբոլիստի հասցեին հնչող մեղադրանքները, թե նա վիրավորել է ախոնդրոպլազիայով կամ այլ կմախքային խանգարումներով անձանց, որոնք ուղեկցվում են թզուկությամբ։
Արտիստը հայտարարել է, որ Յամալի ծննդյան միջոցառման ժամանակ ոչ ոք նվաստացուցիչ վերաբերմունք չի ցուցաբերել թզուկ մարդկանց նկատմամբ: Նրա խոսքով՝ նման մեղադրանքները վնասում են իրենց մասնագիտական գործունեությանը:
«Մեզ ոչ ոք չի վիրավորել։ Թույլ տվեք մեզ հանգիստ աշխատել։ Չեմ հասկանում, թե ինչու է այսքան աղմուկ մեր շուրջ։ Մենք սովորական մարդիկ ենք, անում ենք այն, ինչ սիրում ենք, և դա լիովին օրինական է։ Որոշ անձինք տարիներ շարունակ վնասում են մեզ՝ փորձելով արգելել մեր սիրած աշխատանքը: Նրանք երբեք այլընտրանքային աշխատանք կամ վերապատրաստման հնարավորություն չեն առաջարկել մեզ՝ զվարճանքի ոլորտում աշխատողներիս։ Ինչո՞ւ չենք կարող զվարճացնել մարդկանց մեր ֆիզիկական վիճակի պատճառով», — արտիստի խոսքն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի կառավարությունը պահանջել է հետաքննություն սկսել Յամալի նկատմամբ՝ թզուկ մարդկանց արժանապատվությունը հնարավոր նվաստացման համար:




























































