Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել պորտուգալացի Ժորժե Ժեզուշը։
70-ամյա մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է մեկ մրցաշրջանի համար։ Ժեզուշը փոխարինել է իտալացի Ստեֆանո Պիոլիին, ում հեռացման մասին հայտարարվել էր հունիսի վերջին։
Ավելի վաղ՝ մայիսին, Ժեզուշը լքել էր Սաուդյան Արաբիայի մեկ այլ ակումբ՝ «Ալ-Հիլալը»։ Նա նաև մարզել է պորտուգալական «Բենֆիկան», «Բրագան», բրազիլական «Ֆլամենգոն» և թուրքական «Ֆեներբահչեն»։
Անցած մրցաշրջանում «Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնությունում գրավել է երրորդ հորիզոնականը։ Թիմի կազմում հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի պայմանագիրը վերջերս երկարաձգվել է։
























































