Կատալոնական «Բարսելոնան» շնորհավորել է թիմի հարձակվող Լամին Յամալին ծննդյան 18-ամյակի կապակցությամբ։ Ֆուտբոլիստը մինչև չափահաս դառնալն արդեն հասցրել է տպավորիչ արդյունքներ գրանցել։
Լամին Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ 16 տարեկան 38 օրականում դարձել է Լա Լիգայի պատմության ամենաերիտասարդ մեկնարկային խաղացողը։ Նա նաև Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մեկ խաղում խփել է երկու գոլ։
Նախորդ մրցաշրջանում Յամալը մասնակցել է 55 խաղի, խփել 18 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում՝ օգնելով «Բարսելոնային» նվաճել Լա Լիգայի, Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի տիտղոսները։ Նա հիշարժան ելույթներ է ունեցել Մադրիդի «Ռեալի» և «Ինտերի» դեմ հանդիպումներում։
Յամալն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Kopa Trophy-ի, Golden Boy-ի և Laureus-ի առաջընթացի մրցանակի։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ երկարաձգվել է մինչև 2031 թվականը։




























































