Մոտ օրերս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է անհատական զրույցներ անցկացնել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հայտնում է Marca-ն, պատճառը հուլիսի 9-ին աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն է։
Թերթի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են գնահատել խաղացողների մոտիվացիան և նվիրվածությունը «Արքայական ակումբին»։ Ղեկավարությունը դժգոհություն է հայտնել թիմային խաղի ընդհանուր մակարդակից՝ առանձնապես ընդգծելով եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի անբավարար մարզավիճակը։ Նրանց կարծիքով՝ նա ներկայումս հանդես է գալիս իր հնարավորություններից ցածր։
Նշվում է նաև, որ ակումբը որոշում է կայացրել վինգեր Ռոդրիգոյի ապագայի վերաբերյալ։ Գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն բրազիլացուն չի ընդգրկում առաջիկա մրցաշրջանի իր պլաններում։
Հուլիսի 13-ին աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում ՊՍԺ-ն կհանդիպի Լոնդոնի «Չելսիի» հետ։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































