Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հայտնել է, որ հարձակվող Կիլիան Մբապեն կվերադառնա թիմի կազմ ԱՄՆ-ում անցկացվող Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ փուլում։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր հունիսի 19-ին՝ երկու օր շարունակ վատ ինքնազգացողության և վիճակի աստիճանական վատթարացման պատճառով։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սուր գաստրոէնտերիտ։ Մբապեն բաց էր թողել H խմբի հանդիպումները՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» (1:1) և Մեքսիկայի «Պաչուկայի» (3:1) դեմ, ինչպես նաև ընդգրկված չէր ավստրիական «Զալցբուրգի» դեմ խաղի կազմում, որը տեղի է ունենալու հունիսի 26-ին։ Չորեքշաբթի «Ռեալը» հայտնել էր, որ հարձակվողը վերսկսել է մարզումները։
– Ուրախ էի տեսնել նրան մարզման ժամանակ, սակայն սա նրա առաջին վերադարձն էր դաշտ, և նա դեռ պատրաստ չէ այն բարձր մակարդակին, որն անհրաժեշտ է «Զալցբուրգի» դեմ խաղի համար։ Եթե դուրս գանք 1/8 եզրափակիչ, նա արդեն կկարողանա խաղալ, բայց այժմ նա դեռ ապաքինման փուլում է, – ասել է Ալոնսոն, ում խոսքերը մեջբերում է goal.com-ը։
Աշխարհի ակումբային առաջնությունը կավարտվի հուլիսի 13-ին։





















































