Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է «սերուցքայինների» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոյի վաղաժամ հեռացումը ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում «Պաչուկայի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակից հետո։
Խաղի 7-րդ րոպեին 22-ամյա իսպանացին իր տուգանային հրապարակի դիմաց գետնին տապալեց մրցակցի հարձակվող Սալոմոն Ռոնդոնին, և վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։
«Ես կխոսեմ Ռաուլ Ասենսիոյի հետ, բայց, իհարկե, նա պետք է դասեր քաղի այս փորձից։ Ասենսիոն չպետք է այդ սխալը թույլ տար։ Կարևոր է, որ նա հասկանա դա։ Խաղի սկզբում պետք է օգտվես հնարավորություններից, բայց չես կարող խախտել կանոնները և կարմիր քարտ ստանալ։ Նա դեռ երիտասարդ է, և սա նրա համար դաս կլինի ապագայի համար»,- ասել է Ալոնսոն հետխաղյին մամուլի ասուլիսում։
























































