«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Կառլես Պույոլն արտահայտել է իր հիացմունքը 2025 թվականին նոր ձևաչափով մեկնարկող Աշխարհի ակումբային առաջնության վերաբերյալ։
«Առաջին տարում, երբ մասնակցեցի մրցաշարին, մենք պարտվեցինք։ Հիշում եմ՝ խաղացինք «Ինտերի» հետ։ Հիշում եմ նաև, որ երբ փոքր էի՝ «Բարսելոնան» պարտվեց «Սան Պաուլոյին» (1992 թվականի ՖԻՖԱ Ինտերկոնտինենտալ գավաթի խաղարկություն):
Այդ ամենն ինձ մոտ մեծ հիասթափություն առաջացրեց, քանի որ չկարողացանք հասնել մեր առջև դրված նպատակին։ Ավելի ուշ կրկին հնարավորություն ստացա մասնակցելու այս մրցաշարին և երկու անգամ հաղթեցի։ Դա ինձ իրոք երջանիկ դարձրեց։
Կարծում եմ՝ սա հիանալի մրցաշար դիտելու հնարավորություն է։ Ցավոք, «Բարսելոնան» չի մասնակցելու՝ վարկանիշային համակարգի պատճառով, բայց սա ֆուտբոլ է։ Պետք է քրտնաջան աշխատել՝ հաջորդ անգամ այնտեղ լինելու համար։ Վստահ եմ՝ սա ֆուտբոլային տոն է լինելու, որտեղ մենք՝ երկրպագուներս հնարավորություն ենք ունենալու վայելել հիանալի հանդիպումներ։
Ես շատ բախտավոր եմ, որ կարողացել եմ այնտեղ խաղալ իմ ամենասիրելի թիմի հետ։ Հաղթելը միշտ լավ է՝ անկախ նրանից՝ որ թիմի հետ ես դա անում։ Բայց երբ հաղթում ես քո սեփական թիմի հետ, դա կրկնակի հաճելի է։ Մրցաշարի ձևաչափն ամբողջությամբ նոր է, և ես մեծ հաճույքով կցանկանայի վերադառնալ ու այն նորից զգալ, որովհետև վստահ եմ, որ այն շատ գեղեցիկ և հետաքրքիր իրադարձություն է լինելու»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նոր ձևաչափով մրցաշարը կանցկացվի 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 13-ը՝ միավորելով վեց կոնֆեդերացիայի թիմեր։


























































