ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:
Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն իրականացնելու են փակ, գաղտնի քվեարկություն:
Միայն «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվելու է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կկարողանա մասնակցել միայն մեկ անգամ:
Այս անվանակարգում 15 մարզիկի թեկնածություն է առաջադրվել՝
Ալեքսանյան Արթուր/ ըմբշամարտ
Ամոյան Մալխաս/ ըմբշամարտ
Ավանեսյան Էլինա / թենիս
Դավթյան Արթուր / սպորտային մարմնամարզություն
Դավթյան Վահագն / սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ / ծանրամարտ
Կարապետյան Էլմիրա / հրաձգություն
Հարոյան Վարազդատ / ֆուտբոլ
Արսեն Հարությունյան / ըմբշամարտ
Մկրտչյան Անդրե Սփայթ / բասկետբոլ
Չանչարևիչ Օգնյեն / ֆուտբոլ
Սահակյան Գոռ / ծանրամարտ
Սելարայան Լուկաս / ֆուտբոլ
Սպերցյան Էդուարդ / ֆուտբոլ
Վարդանյան Գրետա / պարածանրամարտ
Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվում է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես: