«Այնտրախտի» եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը կարող է լինել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի փոխարինողը: Այս մասին հայտնում է շվեյցարացի լրագրող Մարսել Ռայթը գերմանական Bild հրատարակությունից։
Աղբյուրի համաձայն՝ մեծ հավանականությամբ Մարմուշը մերսիսայդյան ակումբ կտեղափոխվի 2025 թվականի ամռանը։ Ինքը՝ ֆուտբոլիստը, ոգևորված է Սալահի հետ նույն թիմում խաղալու մտքից կամ, եթե նրա պայմանագիրը չերկարաձգվի, եգիպտացի լեգենդի հետնորդը դառնալու հնարավորությունից:
Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։
Օմար Մարմուշը ռմբարկուների ցուցակում առաջին տեղը կիսում է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի հետ։ Երկու ֆուտբոլիստներն էլ մրցաշարում անցկացրած 10 խաղում խփել են 11 գոլ։