Արդեն այս շաբաթ Անգլիայի ընտրանին Ազգերի լիգայի B լիգայի շրջանակում կմրցի Հունաստանի և Իռլանդիայի հավաքականների հետ։ Սակայն այս խաղերում անգլիացիները չեն կարող հույսները կապել մի շարք ֆուտբոլիստների հետ։
Ինչպես հաղորդում է ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը, վնասվածքների պատճառով Անգլիայի ընտրանու ճամբարին չեն միացել Քոուլ Պալմերը, Ֆիլ Ֆոդենը, Ջեք Գրիլիշը, Բուկայո Սական, Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը, Լևի Քոլուիլը, Դեկլան Ռայսն ու Արոն Ռամսդեյլը։
Նրանց փոխարեն հայտացուցակում են հայտնվել Ջերոդ Բոուենը, Ջարադ Բրենթուեյթը, Թինո Լիվրամենտոն և Ջեյմս Թրաֆորդը։ Նորամուտի հրավեր է ստացել նաև «Ասթոն Վիլայի» վինգեր Մորգան Ռոջերսը։
Հիշեցնենք, որ Հունաստանի և Իռլանդիայի ընտրանու հետ խաղերը վերջինը կլինեն Լի Կարսլիի համար որպես Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ։ Այս խաղերից հետո Անգլիայի ընտրանին կգլխավորի Թոմաս Տուխելը։
Հավելենք, որ 4-րդ տուրից հետո Անգլիան 9 միավորով խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Խմբի աղյուսակը գլխավորում են հույները՝ 12 միավորով։