Անգլիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Դեկլան Ռայսը բացատրել է, թե ինչու չի տոնել իր խփած գոլն Իռլանդիայի ազգային թիմի դեմ կայացած խաղում: Հանդիպումը ավարտվել է անգլիացիների հաղթանակով՝ 2:0:
«Եթե ես տոնեի գոլս, դա շատ անհարգալից կլիներ իմ կողմից: Իմ տատիկն ու պապիկը, հորս ընտանիքի բոլոր անդամներն իռլանդացիներ են, և, ցավոք, նրանք այլևս ողջ չեն: Անկեղծ ասած, ես չէի էլ ցանկանում գոլս նշել:
Ես այնքան լավ ժամանակ եմ անցկացրել՝ խաղալով Իռլանդիայի հավաքականում, հիմնական թիմում և U19, U21 տարիքային խմբերում: Հիանալի հիշողություններ ունեմ, որոնք ապրում են ինձ հետ: Ես մաղթում եմ Իռլանդիայի հավաքականին ամենայն բարիք», — Ռայսի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը: