Պեպ Գվարդիոլան կիսվել է Թոմաս Մյուլերի հետ աշխատելու ժամանակաշրջանից իր հիշողություններով․ Մյուլերը օրերս դարձավ «Բավարիայի» ռեկորդակիրը անցկացրած հանդիպումների քանակով։ Կիսապաշտպանը մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 710 հանդիպում։
— Ձեր մարզչական կարիերայում Թոմաս Մյուլերին նման ֆուտբոլիստ եղե՞լ է:
— Ոչ, Թոմաս Մյուլերի նման այլ ֆուտբոլիստ պարզապես չկա: Նա «Բավարիայի» և ընդհանրապես ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից է։ Ոչ միայն տիտղոսների քանակի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ նա միշտ կենտրոնացած է, երբ դա իր թիմին պետք է:
— Թոմաս Մյուլերը թերագնահատվա՞ծ համաշխարհային աստղ է:
— Ոչ: Աշխարհի բոլոր ֆուտբոլասերները գիտեն, թե որքան կարևոր է նա խաղադաշտում: Նա խելացի, անկանխատեսելի ֆուտբոլիստ է, ով միշտ գիտի, թե որտեղ պետք է դիրքավորվի:
— Ինչպե՞ս էր նրա հետ աշխատանքը «Բավարիայում»:
— Մյունխենում աշխատանքիս սկիզբը հեշտ չէր: Յուպ Հայնկեսն անհավանական աշխատանք կատարեց՝ նվաճելով թրեբլը: Մենք շատ ենք ճամփորդել, փորձել եմ նոր գաղափարներ մտցնել։ Բայց Թոմասը միշտ դրական էր և բաց։ Նա հասկանում էր, որ մենք փորձում ենք ինչ-որ մնայուն բան ստեղծել «Բավարիայում»։
– Ո՞րն է Ձեր սիրելի պահը Թոմաս Մյուլերի հետ:
– Մենք պարտվում էինք 1-2 հաշվով՝ 2016 թվականի Չեմպիոնների լիգայի «Յուվենտուսի» դեմ խաղի ավարտից մեկ րոպե առաջ: Նա հավասարեցրեց հաշիվը և հանդիպումը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: Մենք հաղթեցինք 4-2 հաշվով։ Թոմասի մոտ ինձ ամենաշատը տպավորել է նրա համեստությունը գոլը տոնելիս. երբ ֆուտբոլիստներն այսօր գոլ են խփում, նրանք վազում են և իրենք են նշում: Թոմասը տարբերվում է, նա հիմնականում ցանկանում է գոլերից հետո գրկել իր թիմակիցներին,- ասել է Գվարդիոլան «Բավարիայի» մամուլի ծառայությանը․ նա գլխավորել է «Բավարիան» 2013-ից 2016 թվականներին:
























































