Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ չի խաղալու ազգային հավաքականում, քանի դեռ այն մարզում է Դոմենիկո Տեդեսկոն։
«Ցանկանում եմ դիմել բելգիացի երկրպագուներին և մեր հավաքականի երկրպագուներին:
Ես մեծ սեր և հպարտություն եմ զգում՝ ներկայացնելով իմ երկիրը, ինչպես նաև՝ ձեզնից յուրաքանչյուրին խաղադաշտում։ Հպարտ եմ, որ կրում եմ ազգային հավաքականի մարզաշապիկը։ Նույնիսկ իմ ամենախելագար երազներում ես չէի պատկերացնում, որ կարող եմ դա անել ավելի քան 100 անգամ:
Ցավոք սրտի, մարզչի հետ տեղի ունեցած իրադարձություններից հետո և երկար մտածելուց հետո որոշեցի չվերադառնալ Բելգիայի հավաքական նրա գլխավորությամբ։ Ես ընդունում եմ պատասխանատվության իմ բաժինն այս հարցում։ Նրա հանդեպ իմ անվստահությունը չէր նպաստի անհրաժեշտ անկեղծ մթնոլորտի պահպանմանը։
Ֆեդերացիան, որի հետ ես քննարկումներ եմ ունեցել, ընդունում է իմ դիրքորոշումը և պատճառները, որոնք հանգեցրել են այս ցավալի, բայց հետևողական որոշմանը։
Ցավում եմ, որ գուցե հիասթափեցրի որոշ երկրպագուների։ Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ սա լավագույն լուծումն է Բելգիայի հավաքականի զարգացման համար, քանի որ այն դադարեցնում է քննարկումը և թիմին թույլ է տալիս կենտրոնանալ իրենց նպատակներին հասնելու վրա»,- գրել է Կուրտուան սոցցանցի իր միկրոբլոգում։
























































