Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը խոսել է հուլիսի 27-ին ՌՊԼ-ի 2-րդ տուրի՝ «Դինամոյի» հետ խաղից հետո (1:3) լրագրողի հետ տեղի ունեցած վիճաբանության մասին։
«Տեսեք, հիմա ասեմ, երբ թե՛ Դուք, թե՛ ես ավելի հանգիստ ենք: Օրինակ, ես հարգում եմ բոլորին այստեղ և միշտ կանգ եմ առնում և խոսում, եթե հակված եմ դրան, եթե տրամադրություն ունեմ։ Այդ պահին երևի տեսաք, որ նեղված է, քանի որ իմ թիմը պարտվել էր, նաև իմ ստացած խաղաժամանակի պատճառով: Եվ ես անմիջապես ասացի, որ չեմ պատասխանի որևէ հարցի։ Բայց երբ լրագրողները սկսեցին բղավել, դա զուտ սադրանք էր: Հիմա ես մոտեցա Ձեզ, չնայած այդ միջադեպին։ Եվ ևս մեկ անգամ ցույց տվեցի իմ հարգանքը: Այնպես որ, ես պարզապես հույս ունեմ, որ դա փոխադարձ կլինի մեր միջև։ Այսպիսով, սրանք բոլորը փոքր բաներ են. առողջ եղեք»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում «Известия»-ն:
Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի ակադեմիայի սան է։ Նաիրը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սպարտակը» կարող է պայմանագիր կնքել Տիկնիզյանի հետ։ Անցած մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը 25-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Նաիրը բոլոր մրցաշարերում անցկացրել է վեց հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ՌՊԼ-ի հինգ տուրից հետո «Լոկոմոտիվը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը՝ մեկ միավորով զիջելով «Զենիթին»:
«Դինամոյին» կրած պարտությունից հետո լրագրողը հայ ֆուտբոլիստին փորձել է հարցեր ուղղել Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին, ինչին ի պատասխան Տիկնիզյանն էմոցիոնալ է արձագանքել ու ասել է՝ նա իրեն «հիմարիկի պես է պահում»:
























































