Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/128 եզրափակչում «Կուբանի» դարպասը պաշտպանել է 14-ամյա դարպասապահ Ռոման Սաֆոնովը: Սաֆոնովից բացի «Կուբան Հոլդինգ»-ի հետ խաղին մասնակցել են ակումբի ակադեմիայի սաներ՝ հիմնականում 16 տարեկան խաղացողներ։
Այդ կերպ, Սաֆոնովը դարձել է Ռուսաստանի գավաթի պատմության ամենաերիտասարդ խաղացողը:
«Կուբանն» այդ խաղում 0:5 հաշվով պարտություն է կրել:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը չեն մասնակցել առաջին թիմի խաղացողները, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Եվդոկիմովը։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Գավաթի նոր մրցաշրջանին մասնակցում է 107 ակումբ՝ 16-ը Ռուսաստանի Պրեմիեր լիգայից, 18-ը՝ Melbet-ի առաջին լիգայից, 18 թիմ՝ ԼԵՈՆ-Երկրորդ լիգայի «A» դիվիզիոնից, 42 թիմ՝ ԼԵՈՆ-Երկրորդ լիգայի «B» դիվիզիոնից և 13 սիրողական ակումբներ:
























































