«Բայերի» սպորտային տնօրեն Սիմոն Ռոլֆեսը բացատրել է լևերկուզենյան ակումբի ընտրությունը՝ իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հետ կապված։
«2022 թվականի հոկտեմբերին մենք բնականաբար նայեցինք, թե ով է հասանելի, և հետո սկսեցինք վերլուծել Խաբիին, հասկանալու, թե ինչպիսի՞ն էր նրա աշխատանքը «Ռեալ Սոսյեդադ Բ»-ում: Համապատասխանո՞ւմ է արդյոք խաղաոճը: Արդյոք նա ճի՞շտ է մեր խաղացողների համար: Այն ամենը, ինչ անում ենք խաղացողներին հետազոտելիս, անում ենք նաև մարզիչներին գնահատելիս: Մարզիչ գտնելն ինձ համար և, հետևաբար, ակումբի համար, կարևոր կադրային խնդիր է։
Մենք դիտեցինք հանդիպումները, հետո ուսումնասիրեցինք և առաջարկություններ ստացանք իմ ծանոթ մարդկանցից, ովքեր աշխատել են նրա հետ: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպիսին է այդ մարդը, քննել այս բոլոր կետերը, հետո անձնական հարցազրույց անցկացնել: Նա միշտ մեր ցուցակի առաջին տեղում էր: Մեր կատարած յուրաքանչյուր ստուգում միշտ հաստատում էր նրա առաջատարությունը: Ցուցակը կրճատվեց, իսկ Խաբին միշտ մնում էր հիմնական թեկնածուն»,- Ռոլֆեսի խոսքերը մեջբերել է «BayerXtra»-ն սոցիալական ցանցերում:
Նախորդ մրցաշրջանում «Բայերը» հաղթեց գերմանական Բունդեսլիգայում՝ 17 միավորով առաջ անցնելով իր մոտակա մրցակցից՝ «Շտուտգարտից»: Լևերկուզենյան ակումբը պատմական նվաճման էր հասել՝ առաջին անգամ Գերմանիայի առաջնությունն ավարտելով առանց պարտության։ Բունդեսլիգայի վերջին մրցաշրջանում «Բայերը» տարել էր 28 հաղթանակ և գրանցել 6 ոչ-ոքի:
























































