Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Անգլիա-Սերբիա հանդիպման նախօրեին Գելզենկիրխենի ոստիկանությունը երկրպագուներին առաջարկել է ալկոհոլը փոխարինել մարիխուանայով, հայտնում է The Sun-ը։ Իրավապահների կարծիքով՝ դա կօգնի նվազեցնել երկրպագուների՝ ագրեսիա դրսևորելու հավանականությունը։
«Եթե մենք տեսնենք, որ մի խումբ մարդիկ ալկոհոլ են խմում և մի փոքր ագրեսիվ տեսք ունեն, իսկ մյուս խումբը մարիխուանա է ծխում, ապա, իհարկե, մենք ուշադրություն կդարձնենք ալկոհոլ օգտագործող խմբին: Ալկոհոլը կարող է ինչ-որ մեկին ավելի ագրեսիվ դարձնել, մինչդեռ մարիխուանան մարդկանց հանգիստ տրամադրություն է հաղորդում:
Մենք ցանկանում ենք կանխել բռնությունը և մարդկանց անվտանգ պահել: Մեր ուշադրության կենտրոնում կլինեն երկրպագուները, որոնք խմում են և կարող են դաժան դառնալ: Այդ իսկ պատճառով մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում ալկոհոլի հետ կապված»,- ասել է Գելզենկիրխենի ոստիկանության ներկայացուցիչ Շտեֆան Կնիպը։
























































