Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը որոշել է մեկնարկային կազմը Շոտլանդիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկային խաղի համար։ Այս մասին հայտնում է Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ BILD-ին հղումով։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացիների մեկնարկային կազմում հանդես կգան Մանուել Նոյերը, Ջոշուա Կիմմիխը, Ջոնաթան Տան, Անտոնիո Ռուդիգերը, Մաքսիմիլիան Միտելշտեդտը, Տոնի Կրոսը, Ռոբերտ Անդրիխը, Ջամալ Մուսիալան, Իլկայ Գյունդողանը, Ֆլորիան Վիրցը և Կայ Հավերցը։
Հաղորդվում է նաև, որ Նիկլաս Ֆուլկրուգը, Լերոյ Սանեն և Պասկալ Գրոսն այն երեք խաղացողներն են, որոնց Նագելսմանը ևս դուրս կբերի խաղադաշտ:
Հիշեցնենք, որ Գերմանիա — Շոտլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 14-ին։ Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 22:00-ին: Խաղը կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում:
























































