«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է մյունխենյան ակումբի ծրագրերի մասին. Նա նշել է, որ ցանկանում է թիմի խաղացողների մեջ տեսնել խիզախություն և ագրեսիա։
«Այսպես եմ ուզում, որ նրանք խաղան, դա արտացոլում է իմ բնավորությունը: Ցանկանում եմ այս վերաբերմունքը պահպանել ամբողջ հանդիպման ընթացքում։ Դեռ վաղ է խոսել թիմի խաղացողների մասին, բայց ես անհամբեր սպասում եմ աշխատանքի մեկնարկին: Ես ուզում եմ իմանալ, թե որքան մոտիվացված են նրանք: Անցած մրցաշրջանում «Բավարիան» չեմպիոն չդարձավ, ես դա նույնպես գիտեմ։ Կտեսնեմ, թե որ խաղացողներն են բավական քաղցած «Բավարիայում» խաղալու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կոմպանին։
Մյունխենցիները երեկ՝ մայիսի 29-ին, հայտարարեցին 38-ամյա բելգիացու հետ պայմանագիր կնքելու մասին։
Մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Կոմպանին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Թոմաս Տուխելին, ում հետ «Բավարիան» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Բունդեսլիգայում։ 12 տարվա մեջ առաջին անգամ մյունխենցիները մեկ մրցաշրջանում ոչ մի գավաթ չեն նվաճել։
























































