«Բավարիայի» որոշ խաղացողներ դեռ հույս ունեն, որ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանում կմնա թիմում, սոցցանցերում հայտնել է լրագրող Քերի Գաուն։
Աղբյուրը մանրամասնում է, որ այդ խաղացողների թվում են Մանուել Նոյերն ու Թոմաս Մյուլերը։ Նրանք փորձում են համոզել ակումբի ղեկավարությանը պահել Տուխելին։ Նրա օգնականները, հատկապես անգլիացի Էնթոնի Բարին, մեծ ժողովրդականություն են վայելում խաղացողների շրջանում։
«Բավարիան» արդեն հայտարարել է, որ Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։ Հաղորդվում էր, որ նրան փոխարինելու հիմնական թեկնածուն Հանս-Դիտեր Ֆլիկն է։ Բայց նրա հետ բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։
Բացի այդ, ակումբի ներսում կասկածներ կան՝ արդյոք Ֆլիկի վերադարձը ճի՞շտ որոշում կլինի: Ըստ Գաուի, դիտարկվում են նաև Ռոբերտո Դե Զերբիի և Էրիկ տեն Հագի թեկնածությունները, թեև տեղեկություններ կային, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի տարբերակը մերժվել է։
Լրագրող Քրիստիան Ֆալկի կարծիքով՝ այլ մարզիչների հետ մի քանի անհաջող բանակցություններից հետո «Բավարիան» արդեն դիտարկում է Տուխելի մնալու տարբերակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռալֆ Ռանգնիկը, Խաբի Ալոնսոն և Յուլիան Նագելսմանը հրաժարվել են գլխավորել թիմը, իսկ «Քրիսթալ Փելասը» ցանկանում էր Օլիվեր Գլասների համար ստանալ 100 միլիոն եվրո։