«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է իր ակումբի՝ բոլոր մրցաշարերում առանց պարտության 50 հանդիպումների շարքը։
«Լևերկուզենում տիտղոսի շնորհումը չափազանց յուրահատուկ իրադարձություն կլինի։ Ֆուտբոլիստները խաղում էին հսկայական կենտրոնացվածությամբ ամբողջ մրցաշրջանում, և ես շատ հպարտ եմ նրանցով», — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ վերջերս «Բոխումի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակից հետո Խաբի Ալոնսոյի թիմը ռեկորդային անպարտելիության շարքը հասցրել էր 50 հանդիպման: Լևերկուզենյան թիմի խաղացողները վաստակել են 87 միավոր և արդեն երաշխավորել են իրենց չեմպիոնական տիտղոսն այս մրցաշրջանի վերջում, որն առաջինն էր պատմության մեջ ակումբի համար։