Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացումը հեղափոխական նշանակություն ունեցավ ծանրամարտում՝ կազմակերպչական առումով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն: Նա նաև տեղեկացրել է՝ 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը 120 երկրի ավելի քան 600 ծանրորդներ կմասնակցեն:
«Եվրոպայի առաջնության անցկացումը հեղափոխական նշանակություն ունեցավ ծանրամարտում: Կարծում եմ՝ դա եվրոպական լավագույն առաջնությունն էր վերջին 10 տարում և կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով: Սա նշանակում է՝ խոշոր միջոցառում կազմակերպելու Հայաստանի հնարավորություններն ու կարողությունները շատ մեծ են: Ուստի սա նաև նոր մարտահրավեր կլինի ձեզ համար: Բոլորիս հետաքրքիր է, թե Հայաստանն այս անգամ ինչ է անելու: Մենք խոսում ենք հաջորդ օլիմպիական շրջափուլի լավագույն միջոցառման մասին: Հավատացած եմ՝ Հայաստանի հյուրընկալությունն ու մարդկանց ջերմությունը կնպաստեն աշխարհի առաջնության անցկացման բաձր մակարդակին»,- ասել է Անտոնիո Ուրսոն:
Անտոնիո Ուրսոն տեղեկացրել է՝ նախորդ շաբաթ իրենք այցելել են Չինաստան, որտեղ անցկացվելու է 2026 թ. աշխարհի առաջնությունը. «Կազմկոմիտեի անդամներն ասացին, որ կուսումնասիրեն Հայաստանում անցկացված Եվրոպայի առաջնության փորձը՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք ամեն բան կազմակերպել: Սա, ըստ իս, ապացուցում է, թե որքան հրաշալի էր կազմակերպված վերջին առաջնությունը Երևանում»: