Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 11 մետրանոց հարվածաշարում տարած հաղթանակը ՉԼ քառորդ եզրափակչի պատասխան խաղում և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը:
«Այս երեկո մենք շատ, շատ լավ պաշտպանվեցինք: Խոսքը գոյատևման մասին էր: «Ռեալ Մադրիդը» ակումբ է, որի էությունը գոյատևման մշտական պայքարն է այն իրավիճակներում, երբ թվում է, թե ելք չկա, բայց մենք միշտ ելք ենք գտնում: 11 մետրանոց հարվածաշարի սկսվելուց առաջ մենք լիովին վստահ էինք, որ առաջ ենք անցնելու»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով (առաջինը՝ 2:2), իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին մադրիդյան թիմի ֆուտբոլիստները (4:3):