«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոսել է իր թիմակցի՝ ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանի վնասվածքի մասին։ Հիշեցնենք, որ մյունխենյան թիմի խաղացողը վնասվածք էր ստացել անցած շաբաթ օրը Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի «Քյոլնի» հետ խաղում (2:0): Այս վնասվածքի պատճառով Կոմանը փոխարինվել է հանդիպման 50-րդ րոպեին։
«Այստեղ խաղալուս ժամանակաշրջանում սա առաջին դեպքը չէ, երբ մենք կորցնում ենք մեր առանցքային խաղացողներին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ հանդիպումներից առաջ. մենք կորցրեցինք և՛ Ռիբերիին, և՛ Ռոբենին»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում Sky Sport DE-ն։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը՝ ապրիլի 17-ին, մյունխենցիները Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացնեն անգլիական «Արսենալի» հետ։