Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է «Բայերի» վաղաժամ չեմպիոնությունը գերմանական Բունդեսլիգայում: Չեմպիոնական տիտղոսը Խաբի Ալոնսոյի թիմի համար առաջինն էր ակումբի՝ մոտ 120 տարվա պատմության մեջ։
«Շնորհավորում եմ այս թիմին, նրանց մարզչական շտաբին և ամբողջ ակումբին պատմության մեջ առաջին չեմպիոնական տիտղոսի կապակցությամբ: Լևերկուզենի «Բայերը» լավագույնն է այս մրցաշրջանում և լիովին արժանի է տիտղոսին:
Հստակ երևում է Խաբի Ալոնսոյի ձեռագիրը. խաղացողները դարձել են միասնական ամբողջություն, ավելի կարգապահ, ֆիզիկապես ավելի ուժեղ և, միևնույն ժամանակ, ավելի ճկուն ու կրեատիվ։
Այն, ինչ արեց այս թիմը, պետք է ընդունել որպես ապացույց, թե որքան կարևոր է համատեղել հմտությունն ու մտածելակերպը: Հատկապես ուրախ եմ, որ այս հաջողության մեջ մեծ դեր են ունեցել ազգային հավաքականի ֆուտբոլիստները։ Դա, անկասկած, պետք է ոգեշնչի նրանց Եվրո 2024-ի հանդիպումներում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։