«Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսի ներկայացուցիչ Նեդալ Հուոսեն խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիսը գրավել է Մադրիդի «Ռեալի» ուշադրությունը։
«Անարդար է, որ «Բավարիան» մեզ վերջնագիր է ներկայացնում. Մենք կորոշենք, թե ինչպես վարվել մրցաշրջանի վերջում, երբ ավելի հստակություն լինի: Արդար չէ, որ հիմա հարձակվում են Ալֆոնսոյի վրա։ Մեկ տարի առաջ մենք մոտ էինք համաձայնության։ Հետո փոխվեց ակումբի ողջ ղեկավարությունը։ Յոթ ամիս ոչինչ չլսեցինք։ Չնայած այս ընթացքում ինքս փորձել եմ կապ հաստատել ակումբի հետ։
Հիմա մեզ վերջնագիր է ներկայացվել, և մենք պետք է պատասխան տանք երկու շաբաթվա ընթացքում, քանի որ ակումբը գտնվում է ճնշման տակ: Սա արդար չէ: Հաջորդ պայմանագիրը շատ կարևոր կլինի Ալֆոնսոյի կարիերայում, և մենք պետք է որոշում կայացնենք՝ չիմանալով, թե ով է լինելու մարզիչը հաջորդ մրցաշրջանում կամ ինչպիսին կլինի թիմը։ Ուստի մենք անարդար ենք համարում մեզ առաջադրված վերջնագիրը»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Հուոսեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։