Մյունխենի «Բավարիան» պատրաստ է տրանսֆերի հանել պաշտպան Ալֆոնսո Դևիսին, եթե կանադացի ֆուտբոլիստը չհամաձայնի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ մինչև շաբաթվա վերջ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» Դևիսին առաջարկում է պայմանագիր մինչև 2029 թվականը՝ տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձով։ Ֆուտբոլիստի կողմը պահանջում է առնվազն 20 միլիոն եվրո. եթե Ալֆոնսոն չընդունի մյունխենցիների առաջարկը, ապա նրան տրանսֆերի կհանեն: Հիշեցնենք, որ կանադացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն մադրիդիցները պատրաստ չեն 50 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի համար, որի պայմանագիրը լրանում է 2025 թվականի ամռանը։ «Բավարիան» հենց այսքան է գնահատում պաշտպանին։
Այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: