«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Դարմշտադտ 98»-ի հետ խաղում (5:2) ջախջախիչ հաղթանակը։
«Մենք, իհարկե, ուրախ ենք արժանի արտագնա հաղթանակի համար: Շատ պահեր ստեղծեցինք ամբողջ խաղի ընթացքում, և կարծում եմ, որ արժանի էինք այդքան գոլերի։ Մենք որոշ դժվարություններ ունեցանք թե՛ բաց թողած առաջին գոլի, թե՛ «Դարմշտադտի» ստեղծած հնարավորությունների հետ կապված։ Մենք բավականաչափ կոմպակտ չէինք և շատ գնդակներ կորցրեցինք:
Կարծում եմ՝ երբեմն խաղադաշտում մենք չափազանց հարմարավետ էինք: Ընդհանուր առմամբ լավ շաբաթ անցկացրինք: Իրավիճակը թիմում բարելավվում է, վնասվածք ստացած ֆուտբոլիստները վերադառնում են։ Մենք լավ մթնոլորտ ունենք, լավ ենք մարզվում. ուրախ եմ, որ կարողացանք հիմնվել այսօրվա հաղթանակի վրա: Հուսով եմ՝ բոլորը կվերադառնան իրենց լավ մարզավիճակներով միջազգային ընդմիջումից հետո»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն: