Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկատվություն է տարածել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ապագայի մասին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Լրագրողի կարծիքով՝ կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակներից մեկը Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելն է։
«Բավարիայի» առավելությունն այն է, որ նրանք արդեն ունեն գործող կառուցվածք և հստակ պատկերացումներ, թե ինչպես պետք է իրենց նախագիծը ներկայացնեն Խաբի Ալոնսոյին և մյուս թեկնածուներին: Ալոնսոն նաև ցանկանում է որոշ ժամանակ հատկացնել Լևերկուզենի «Բայերում» իր պատմական մրցաշրջանի վրա կենտրոնանալու համար: Լևերկուզենում որոշ մարդիկ հույս ունեն, որ Ալոնսոն կմնա ակումբում ևս մեկ տարի, բայց որոշ աղբյուրների հետ խոսելուց հետո իմ կարծիքն այն է, որ դա շատ դժվար է լինելու: «Բավարիան» և «Լիվերպուլը» շատ ակտիվ կլինեն բանակցություններում»,- գրել է Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
42-ամյա իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ «Բայերը» գլխավորում է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշարային աղյուսակը՝ 23 հանդիպումներից հետո վաստակելով 61 միավոր և չկրելով ոչ մի պարտություն: Երկրորդ տեղում ընթացող Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ «Բայերի» առավելությունը 8 միավոր է: